«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

ԱՄՆ-ը, ըստ ամերիկյան լրատվական կայքի, Իրանի հետ պատերազմին ավելի մոտ է, քան կարծում են շատերը

ԱՄՆ-ը, ըստ ամերիկյան լրատվական կայքի, Իրանի հետ պատերազմին ավելի մոտ է, քան կարծում են շատերը
19.02.2026 | 12:52

Կամ գուցե ավելի մոտ է Իսրայելը, որի պաշտոնյաներից երկուսի ասելով, Թել Ավիվը պատրաստվում է արդեն առաջիկա օրերին մարտական գործողություններ սկսել

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ժնևում երեքշաբթի կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը պահպանում է Իրանի նկատմամբ ցանկացած գործողության հնարավորությունը:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նկատմամբ գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է Վենսը երեկ ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում:- Մենք ունենք շատ հզոր զինված ուժեր, և նախագահը ցույց է տվել պատրաստակամություն օգտագործել դրանք: Նա ունի նաև ականավոր դիվանագիտական թիմ, և պատրաստ է կիրառել նրա հնարավորությունները նույնպես… Գործողությունների բոլոր տարբերակները բաց են մնում»:

Վենսը, «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, մասնավորապես հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է ռազմական ուժի կիրառման հնարավորությունը, եթե Իրանի հետ բանակցային գործընթացն արդյունք չտա:

ԱՄՆ-ի և Իրանի միջև Ժնևում երեկ տեղի ունեցած բանակցություններում Թեհրանը, ինչպես ենթադրվում էր նախապես, մերժել է իր հրթիռային ծրագրի դադարեցման, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար Իրանի ներքին քաղաքականության վրա ազդելու հնարավորության վերաբերյալ Վաշինգտոնի հավակնությունները: Բանակցությունները կենտրոնացել են Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես, մինչև զինական ուրանի վիճակի ուրանի հարստացման տեխնիկական հնարավորությունների վրա: Քննարկվել է նույնիսկ մինչև որոշսկի աստիճանի (60 տոկոս) հարստացված ուրանը Ռուսասատան արտահանելու հին տարբերակը:

Այնուհանդերձ, Իրանի ներկայացուցիչների խոսքով, երկիրը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ ատոմից, սակայն չի էլ ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Ավելին. Իրանը հետաքրքրություն է հայտնել միջուկային էներգիայի տարածաշրջանային կոնսորցիումի ամերիկյան նախագծի ուսումնասիրության հարցում: Չի բացառվում, որ Վաշինգտոնը ցանկանում է մրցակիցներին դուրս մղել իրանական ԱԷԿ-ների ոլորտից։ Մասնավորապես՝ Ռուսաստանին:

Ի տարբերություն 2025թ. հունիսի իրավիճակի, երբ ԱՄՆ-ն իր հետ բանակցությունները ծառայեցրեց որպես քողածածկոց Իրանին անսպասելի հարվածելու համար, Թեհրանն այս անգամ ձեռնարկել է կանխարգելիչ միջոցներ. նախապատրաստել են զանգվածային ապաստաններ մետրոյում, նշանակել են մի շարք ղեկավարների սպանության դեպքում նրանց փոխարինող իրավահաջորդներ, և այլն:

Դեռ 2015թ. Իրանն արդեն պայմանավորվել էր ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ՝ ամերիկյան պատժամիջոցների հանման դիմաց ուրանի հարստացումից հրաժարվելու մասին, բայց 2018-ին նույն Դոնալդ Թրամպը որոշեց այդ պայմանագրից դուրս գալ: Այնպես որ, իրանցիները բոլոր հիմքերն ունեն ԱՄՆ-ին չվստահելու։

Թեև Ժնևում Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի բանակցային թիմի (ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների) և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի միջև մի քանի ժամ տևած բանակցություններից հետո երկու կողմերն էլ նշել են, որ «որոշակի առաջընթաց» է գրանցվել, սակայն ենթադրություններ չեն եղել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտ ժամանակներս համաձայնություն ձեռք կբերվի: Բանակցությունների ավարտված փուլի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն այն, ինչ հայտնի է, ամենևին չի տալիս լավատեսության հիմք: Թրամփը շարունակում է մեծացնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն Իրանի մոտակայքում ՝ հասկացնելով, որ ուժի կիրառման հարցը մնում է բաց:

Ավելին. ինչպես, «Новости Mail»-ի փոխանցմամբ , գրել է ամերիկյան «Axios» պորտալը, ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմին ավելի մոտ է, քան կարծում են շատերը: «Axios»-ը գրել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է «սեղմել Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմի ձգանը» ցանկացած պահի և նույնիսկ ավելի շուտ, քան ենթադրում է ամերիկացիների մեծ մասը:

Ինչպես նշված է հոդվածում, Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ուժերի աճը և Թրամփի ռազմատենչ հռետորաբանությունը թույլ չեն տա նրան «նահանջել» առանց Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ լուրջ զիջումների: Պարբերականն ընդգծել է, որ նրա խորհրդականներն ուժերի տեղակայումը չեն դիտարկում որպես բլեֆ: Ըստ «Axios»-ի, բոլոր նշանները ցույց են տալիս, որ Թրամփը «կքաշի ձգանը», եթե Վաշինգտոնը Ժնևի բանակցություններն անարդյունք համարի:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Ժնևում անուղղակի բանակցությունները, որոնք ավարտվել են չորեքշաբթի, փակուղի են մտել, քանի որ իրանցի պաշտոնյաները հրաժարվել են ճանաչել Թրամփի նշած «կարմիր գծերը»: Կողմերի միջև, ըստ «Axios»-ի, կան լուրջ տարաձայնություններ, և ամերիկյան պաշտոնատար անձինք խանդավառված չեն:

«Axios»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ը կարող է «շատ շուտով սկսել է խոշոր մեկ շաբաթից ավելի տևող ռազմարշավ… լիարժեք պատերազմ, և ոչ թե հունվարյան կետային գործողություն, ինչպես Վենեսուելայում»:

Իսրայելցի երկու պաշտոնյաների խոսքով՝ Թել Ավիվը պատրաստվում է արդեն առաջիկա օրերին մարտական գործողություններ սկսել:

Շեֆը սկսում է ձանձրանալ (ստեղծված իրավիճակից): ԱՄՆ-ի նախագահի որոշ խորհրդականներ նրան զգուշացնում են Իրանի հետ պատերազմից, սակայն Թրամփի խորհրդականներից մեկի կարծիքով, 90% հավանականությամբ մենք կտեսնենք ակտիվ գործողություններ առաջիկա շաբաթների ընթացքում:

«Axios»-ը նշել է, որ այժմ Իրանի մոտակայքում են գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ավիակիր խմբավորումներ, որոնցից յուրաքանչյուրը կրում է անձնակազմի ավելի քան 5000 մարդ: Ավիակիր խմբավորումների կազմում են նաև տասնյակ ռազմանավեր և հարյուրավոր կործանիչներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում՝ չորեքշաբթի առավոտյան, ԱՄՆ-ն ավելի քան 150 չվերթով տարածաշրջան է մատակարարել զենքի և զինամթերքի լրացուցիչ համակարգեր և տեղափոխել ևս 50 կործանիչ։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ